
«Հայաստանի հանրապետական խմբակցության» համամասնական ցուցակի հինգերորդ համար Արմեն Աշոտյանն «էժան մանիպուլյացիա» է որակել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի տեղափոխման մասին հայտարարությունը:
Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա գրել է, որ «Փաշինյանի հերթական սուտն է շատ արագ բացահայտվել»:
«Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը: Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները: Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը: Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»,- գրել է նա:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպումը չեղարկվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով: