25 հունիսի 2008 - 13:21 AMT
Հայաստանում դեսպանի պաշտոնի համար Մարիա Յովանովիչի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 4-ից հետո
Սենատոր Բարբարա Բոքսերի նախաձեռնությամբ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարիա Յովանովիչի հաստատումը հետաձգվել է մեկ ամսով: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, հետաձգման պատճառն այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը չի ապահովել, որ Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամների 8 գրավոր հարցերին ժամանակին պատասխան տրվի: «Սենատոր Բոքսերը ոչ միայն սենատորներին հնարավորություն չի տվել քննարկել թեկնածուի պատասխանները, այլ նաեւ, ինչը շատ կարեւոր է, հնարավորություն չի տվել բոլոր ամերիկացիներին, ներառյալ ԱՄՆ-ի հայ համայնքը, ուսումնասիրել պատասխաններն ու մասնակցել Երեւանում դեսպանի թեկնածության հասարակական քննարկումներին: Այս հարցը ուշադրության կենտրոնում է գտնվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելուց եւ նրան դիվանագիտական ծառայությունից ազատելուց հետո»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հավանաբար, Սենատի կոմիտեում քվերակությունը կկայանա Կոնգրեսում հուլիսի 4-ի` Անկախության օրվա կապակցությամբ կայանալիք ընդմիջումից հետո:

Հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մ.Յովանովիչի նշանակման հարցի շուրջ քննարկումները: Լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը երկու անգամ վետո է դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վրա Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, մանրամասն հարցաքննել է Յովանովիչին այս պատմական փաստի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին` ներկայացնելով Ցեղասպանության ժամանակների` 1915թ. Պետդեպարտամենտի պատմական փաստաթղթերը, համեմատելով դրանք նրա հայտարարությունների հետ:

«ԱՄՆ կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայրսությունում մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: ԱՄՆ-ն ճանաչում է այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ երկրի նախագահը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում եւ համերաշխությունն է հայտնում հայերին Հիշատակի այդ օրը»,-հայտարարել է լսումներում Մ.Յովանովիչը:

Ավելի վաղ Ջորջ Բուշը առաջրկել էր Սենատին Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որն արգելափակվեց սենատոր Ռ.Մենենդեսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Մենենդեսն արդեն հայտարարել է, որ եթե ներկայիս թեկնածուն եւս չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա կրկին վետո կկիրառի, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտող դեսպանը չի կարող արժանիորեն ներկայացնել ԱՄՆ-ն Հայաստանում: Երեւանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց 2006թ. 1915 թվականի իրադարձությունները հրապարակայնորեն ցեղասպանություն անվանելու պատճառով եւ արդեն 18 ամիս է, ինչ Հայաստանում Վաշինգտոնի դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: