9 դեկտեմբերի 2018 - 14:05 AMT
Տեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» աշխատանքը

Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ:

Դիտորդը հանձնաժողովի նախագահին առաջարկել է արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:

Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հեռավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ:

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել:

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը:

2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ:Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: