10 դեկտեմբերի 2018 - 13:16 AMT
Քոչարյանի կալանավորման որոշումը դեռ չի տրամադրվել նրա պաշտպաններին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման օրինակը դեռևս չի տրամադրվել նրա դատապաշտպաններին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել:

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը, Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է:

«Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը»,-ասված է թիմի հայտարարության մեջ։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել իր կալանավորման որոշման վերաբերյալ, որտեղ նա նշել է, որ վճիռը «քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարել է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբը: