26 հունիսի 2008 - 15:59 AMT
Ջոզեֆ Պենինգտոն. Թուրքական հասարակությանշրջանում ավելի մեծ պատրաստակամություն կա անկեղծորեն խոսել անցյալի մասին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չափազանց կարեւոր հարց է Հայաստանի ու Թուրքիայի, երկու երկրների ապագայի ու տարածաշրջանի կայունության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը: «Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես երկու երկրներում էլ աշխատել եմ, ուստի ես նաեւ անձնական հետաքրքրվածություն ունեմ այս հարցում: Դուք գիտեք, որ մենք` Միացյալ Նահանգները վաղուց ի վեր օժանդակել է մշակութային, սոցիալական կապերին, այսինքն այն կապերին, որոնք ներառում են շփումներ թուրք եւ հայ մարդկանց շրջանում: Մի օրինակ նշեմ, վաղը երեկոյան ես բացելու եմ Ստամբուլի «Բոսֆոր» քառյակի համերգը Երեւանի Կոմիտասի անվան համերգասրահում: Անցյալ շաբաթ Ստամբուլում համերգով հանդես եկավ «Կոմիտաս» քառյակը: Սա պարզապես օրինակներից մեկն է: Մենք կարծում ենք, որ այս կարգի շփումները` համաժողովներ, փոխանակումներ, գիտական բանավեճեր եւ այլն, նպաստում են հաղթահարել խոչընդոտներն ու առաջընթաց ապահովել քաղաքական գործընթացների համար: Մենք նաեւ շարունակում ենք աշխատել կառավարությունների մակարդակում` փորձելով խրախուսել կողմերին ձեռնարկելու քայլեր ուղղված տարաձայնությունների հարթմանը: Ու իհարկե հուսով ենք, որ ոչ հեռու ապագայում առաջընթաց կտեսնենք նաեւ այդ մակարդակում»,-նշել է Պենինգտոնը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայում աշխատել է 1995-98թթ., 10-13 տարի առաջ, ու կարող է ասել, որ այդ բանավեճի շուրջ փոփոխությունը ներկայումս եւ այդ ժամանակ հստակորեն տեսանելի է: «Կարծում եմ Թուրքիայի ժողովրդի շրջանում ավելի մեծ պատրաստակամություն կա անկեղծորեն խոսել անցյալի մասին ու ավելի բաց կերպով դիտարկել անցյալի իրադարձությունները: Եթե հետեւենք թուրքական լրատվամիջոցներին, կտեսնենք, որ Հայաստանի, Հայաստանի ու Թուրքիայի մասին աշխույժ բանավեճ է ընթանում: Սա Թուրքիայում քաղաքացիական հասարակության ակտիվացման ու ժողովրդավարայնացման առավել բաց գործընթացների համատեքստում է ընթանում: Իհարկե, դեռ կան խնդիրներ. տարիներ շարունակ մարդիկ են դատապարտվում 301 հոդվածի հատկանիշներով, դեռ կան մարդիկ, ովքեր դեմ են այս քննարկմանը եւ մարդիկ, ովքեր գնացին բռնության ընդդեմ Հրանտ Դինքի, երբ նա խոսեց այդ ամենի մասին: 2006թ Թուրքիայում աշխատելու իմ վերջին շաբաթվա ընթացքում ես հանդիպեցի Հրանտ Դինքին, ու նրա մոտեցումը այն էր, որ մեզ բոլորիս` հայերի, թուրքերի, միջազգային հանրության համար ամենակարեւորն այն է, որ Հրանտը համոզված էր, որ հարաբերությունները բարելավելու միջոցով կարող ենք խրախուսել, որ անկեղծ հայացք նետվի դեպի անցյալը: Ահա այն ուղղությունը, որով մենք փորձում ենք գնալ»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ