27 հունիսի 2008 - 16:39 AMT
Ամերիկայի հայ համայնքն սպասում է Բարակ Օբամայի հաջորդ քայլին դեպի Սպիտակ Տուն
Լոս-Անջելեսում անցել է ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Բարակ Օբամայի կողմնակիցների առաջին հավաքը, որին ներկա էին բարերարներ, Հոլիվուդի աստղեր եւ Լոս-Անջելեսի ավելի քան կես միլիոնանոց հայ համայնքի ներկայացուցիչները: Իր ելույթում նախագայի թեկնածուն նշել է, որ «անհրաժեշտ է շտապ փոխել մթնոլորտը Վաշինգթոնում»: Նա նաեւ նշել է միավորման կարեւորությունը ոչ միայն դեմոկրատական կուսակցության շրջանակներում, այլեւ ողջ ազգի մասշտաբներում` շեշտը դնելով այն կետի վրա, որ ամերիկացիները ընդհանուր նպատակներ ու հույսեր ունեն ինչպես Ամերիկայի, այնպես եւ ողջ աշխարհի համար:

«Մենք ուրախ ենք լինել Օբամայի հաջողության մի մասը: Ամերիկայի հայ համայնքն սպասում է Բարակ Օբամայի հաջորդ քայլին դեպի Սպիտակ Տուն: Նա ավելի ակտիվ է, քան հանրապետականների, դեմոկրատների, անկախ թեկնածուների մեծամասնությունը, եւ մեր համայնքը միավորվել է ի աջակցություն Բարակ Օբամայի: Մենք հուսով ենք, որ սենատոր Օբաման կդառնա նախագահ Օբամա»,- ասել է հայ համայնքի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի խաղաղօվկիանոսյան բաժնում (ANC-PAC), Լոս-Անջելեսի հայ համայնքը ողջունում է Օբամայի խիստ բարոյական դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: «Նա նաեւ պահանջում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը Թուրքիայի եւ Ադբեջանի կողմից, եւ հայ համայնքը շնորհակալ է նրան դրա համար: Բարակ Օբաման հանդիսանում է Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, որը պետք է հաստատի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիյա Յովանովիչին»,- ասվում է ANC-PAC հաղորդագրությունում: