ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ցանկացած փորձ

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ցանկացած փորձ: Դաշինքը կողմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների միջեւ համագործակցությանը»,- ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության գծով օգնական Ժան Ֆրանսուա Բյուրոն, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որում նախագահը մտադրություն է հայտնել հրավիրելու Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Հայաստան:



«Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում կա կետ, որը շոշափում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Իմ թուրք գործընկերոջ հետ մենք կկարողանանք կառուցողական քայլեր կատարել` ուղղված երկկողմանի հարաբերությունների բարելավմանը»,- հանդիպման ընթացքում նշել է ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը:



Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---