27 հունիսի 2008 - 20:22 AMT
ԼՂՀ ժողովրդի կողմից ժողովրդավարական ուղու որդեգրումը բնական, ոչ պատեհապաշտ որոշում էր
«Չտրվելով, իբրեւ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ մանրամասներին, նշենք միայն, որ ժամանակակից պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ այլ պետության հետ պատերազմի մեջ գտնվող կամ հարեւանների հետ բազմաթիվ վեճեր ունեցող երկիրը միաժամանակ հավակնում է արժանանալ ամենաժողովրդավարական պետություններից մեկի կոչմանը: Օրինակները շատ են` Իսրայել, Հնդկաստան եւ այլն»,- ասվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունում ԵԽԽՎ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» 1614 բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Նրա խոսքերով, կայուն ժողովրդավարական զարգացումը ապահովվում է միայն այն ժամանակ, երբ իր արժեքային համակարգի հաշվառումով երկիրն ինքն է որոշում իր ուղեգիծը, այլ ոչ թե եվրոպական կառույցների առջեւ ստանձնած միջազգային-իրավական պարտավորությունների չկատարման արդարացման համար պատրվակներ է փնտրում: Ընդսմին, ժողովրդավարության ամրապնդումը եւ մարդու իրավունքների հարգումը կարող են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման երաշխիքներ դառնալ:

«Հարց է ծագում` Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը տարածքային ամբողջականության խախտման հետեւա՞նք է: Այդ պատճառով են, արդյո՞ք, ճնշվում ԶԼՄ-ները, կամ` ծեծի ենթարկվում լրագրողները: Ըստ էության, հարցերը հռետորական են: Ընդհանուր առմամբ, հասկանալի է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ հավասարակշիռ վերաբերմունք ցուցաբերելու Եվրոպայի դիրքորոշումը: Միաժամանակ տարակուսանք է հարուցում, որ Ադրբեջանի մատուցմամբ այդ դիրքորոշման պահպանումը անցնում է Եվրոպայի խորհրդի հիմնարար առաջնահերթությունների եզրագծով, որոնց վրա է հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության ամբողջ եվրոպական ճարտարապետությունը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ԼՂՀ-ում ժողովրդավարական ուղու որդեգրումը բնական, ոչ պատեհապաշտ որոշում էր, ինչն, այդպես էլ, պատշաճ կերպով չգնահատվեց Եվրոպայի կողմից, մինչդեռ Ադրբեջանում մենք ականատես ենք դրա տենդագին նմանակումներին: Այս համատեքստում խորհուրդ կտայինք Եվրոպայի խորհրդին ավելի լրջորեն վերաբերվել Ադրբեջանում ժողովրդավարության վիճակին եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի ժողովրդավարական գործընթացներին: Մենք համոզված ենք, որ միայն ժողովրդավարական Ադրբեջանը կարող է դառնալ այն հարեւանը, որի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է ընդհանուր լեզու գտնել»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որԵվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը նկատել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ չէ, դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Առնվազն զարմանք է հարուցում, որ Եվրոպայի խորհուրդը վկայակոչում է ՄԱԿ-ի բանաձեւը, որը Մինսկի խմբի համանախագահ -երկրների աջակցությանը չի արժանացել: Վերը նշված ձեւակերպման ամրագրումը այդ միջազգային կազմակերպության փաստաթղթում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա եւ բնականաբար չի կարող նպաստել երկխոսության միջոցով բանակցային դրական միջավայրի ստեղծմանը, ինչի անհրաժեշտության մասին խոսում է նույն Եվրոպայի խորհուրդը»,- նշել է Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: