ԱՄՆ կոնգրեսականները դիմել են պետքարտուղարին՝ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման կոչով

ԱՄՆ կոնգրեսականները դիմել են պետքարտուղարին՝ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման կոչով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ հայ-ամերիկյան հարաբերությունները, տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու կոչով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

Կոնգրեսականները նաև խնդրել են մշակել Հայաստանի հետ ռազմական ոլորտներում գործակցության խորացնմանն ուղղված քաղաքականություն և ծրագրեր:

Պետքարտուղարին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը:

Կոնգրեսականները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ամրագրվել են դեկտեմբերի 9-ին կայացած «ազատ և արդար խորհրդարանական ընտրություններով»:

«Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական զարգացման մոդել՝ գերազանցելով հետխորհրդային տարածքի մյուս երկրներին: Եկել է երկրում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացն ամրապնդելու և քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը»,- ասված է նամակում:

Առաջարկվում է ՀՀ-ում ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով ընդլայնել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորման, մամուլի ազատության ապահովման ուղղությամբ, իսն նշված ոլորտներում բարեփոխումների իրականացման համար ստեղծել աշխատանքային խմբեր կամ մեխանիզմներ:

Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն ուշադրություն կդարձնի Հայաստանի՝ երկու կողմից շրջափակված լինելու հանգամանքին, ինչն էական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական «պատմական ընտրությունների առթիվ»:

«Սկսած այս տարվա ապրիլից, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ և ժողովրդավարական եղանակով իր Կառավարությունում ուշագրավ փոփոխության ականատես եղավ: Կիրակի օրվա ընտրությունը ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների քարոզիչների համար ևս մի հնչեղ հաղթանակ էր»,- ասված է ուղերձում:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---