Ղարաղյան հարցը այլ ատյաններ տեղափոխելու Բաքվի փորձերը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:



Բակո Սահակյանն ընդգծել է, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել հիմնախնդրի վերջնական կարգավորմանը: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում առկա հակահայկական քարոզչությունը եւ ռազմատենչ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, այլեւ խիստ բացասաբար են ազդում բանակցային գործընթացի եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման վրա: Դրա վկայությունը ս.թ. մարտի 4-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտակերտի շրջանում հրահրված ռազմական գործողություններն էին: ԼՂՀ Նախագահը կրկին անգամ շեշտել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը եւ Բաքվի հետ անմիջական երկխոսության հաստատմանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Բակո Սահակյանը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ այն այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը: Համանախագահները կիսել են Նախագահի այս տեսակետը: Նրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, նշելով, բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունը ժամանակի հարց է:



Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---