1 հուլիսի 2008 - 16:01 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցության խորացումը Գերմանիայի հետ
Հունիսի 30-ին մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Գերմանիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի առաջին օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Նախարարներ Նալբանդյանի եւ Շտայնմայերի հանդիպմանը երկուստեք նշվեց, որ հայ-գերմանական հարաբերությունները ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ, երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է լայն իրավա-պայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի` Եվրոպական Միության հիմնադիր եւ առաջատար երկրներից մեկի հետ բազմաբովանդական համագործակցության հետագա խորացումը եւ ամրապնդումը, հավաստաիացրեց, որ Հայաստանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր այդ ուղղությամբ: ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողը եւ հիմնական աջակից երկրներից մեկը:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ այդ ուղղությամբ հայկական կողմից իրականացվող քայլերը: Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին: Զրուցակիցները քննարկեցին նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություները: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանում կարեւորում են գերմաներեն լեզվի ուսուցման ընդլայնումը եւ հայտնեց հայկական կողմի ակնկալիքը Երեւանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչության բացման վերաբերյալ: Հանդիպմանը հետեւեց երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որին ներկա էին գերմանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ նաեւ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի, արտաքին գործերի պետքարտուղար Ռայնհարդ Զիլբերբերգի, Գերմանական ավետարանական եկեղեցու առաջորդ, եպիսկոպոս դր. Վոլֆգանգ Հյուբերի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը ներկայացրեց ԱԳՆ համակարգում Սփյուռքի կոմիտեի ստեղծման եւ հոկտեմբերից Սփյուռքի հարցերով նախարարության կազմավորման հետ կապված ակնկալիքները ուղված Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: