26 դեկտեմբերի 2018 - 11:10 AMT
ՌԴ-ն առաջարկել է «ՀԱՊԿ գործընկեր» հասկացություն ներդնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստորագրել փաստաթղթերը, որոնցով կներդրվի ՀԱՊԿ գործընկերների ինստիտուտ, ինչպես նաև կթույլատրվի մասնակից պետություններին գագաթնաժողովներին մասնակցել ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև վարչապետների մակարդակով: Նախագահի կարգադրությունները հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Արձանագրությունների ստորագրումը նապատահարմար է համարվել ՀԱՊԿ գագաթնաժողովում:

Ըստ փաստաթղթի, ՀԱՊԿ գործընկերներ կհամարվեն այն երկրները և կազմակերպությունները, որոնք որոշել են փոխշահավետ համագործակցություն հաստատել ՀԱՊԿ-ի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Գործընկերները, ի տարբերություն դիտորդների, պարտավոր կլինեն մասնակցել ՀԱՊԿ-ի գործնական միջոցառումներին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և ՀՀ ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի:

«Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը:Եվ մենք, պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով, հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ: Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք», - ասել է Փաշինյանը: