Շտեֆեն Ռայխեն ՀՀ ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ իր տեսակետները

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում ունեցավ Բունդեսթագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Ազգային Ժողովի եւ Բունդեսթագի պատգամավորների փոխգործակցության հարցերը: Պարոն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց իր եւ պատգամավորական խմբի նախաձեռնությունները, մասնավորապես, Պոտսդամում Ջոզեֆ Լեփսիուսի տուն-թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները եւ նախարարին հրավիրեց մասնակցելու բացման պաշտոնական արարողությանը: Նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն ձեւերից է եւ ողջունեց Բունդեսթագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով:



Գերմանացի պատգամավորի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը տեղեկություններ հաղորդեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումների, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ: Շտեֆեն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման վերաբերյալ իր տեսակետները:



«Կովկաս» պատգամավորական խմբի նախագահը վերահաստատեց ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին հղված ս.թ. նոյեմբերին Գերմանիա այցելելու հրավերը:



Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ «Քրոնիմետ» ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկու հետ: Հանդիպմանը քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը եւ դրանց ընդլայնման հեռանկարները:



Նույն օրը երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հրավերով կմեկնի Հելսինկի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---