27 դեկտեմբերի 2018 - 10:25 AMT
Փաշինյան. Բանկերն ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանքներ են ներել

Հուլիսին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Տույժերը ներվել են 14,963 վարկառուի:

«Վերանայվել է մոտ 124, 000 հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է: Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Ազգային ժողովն ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին և հարակից օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է ներել ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100,000 քաղաքացի: