2 հուլիսի 2008 - 13:40 AMT
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի վերջին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի վերջին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը այսօր Երեւանում կայացած Հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, քվերակությունը հետաձգվել է Սենատում կայացած լսումների կապակցությամբ, որի ժամանակ թեկնածուին մի շարք հարցեր են տրվել` Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման եւ Հայաստանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ին ANCA-ում հաղորդել էին, որ քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի հուլիսի 4-ի Անկախության օրվա կապակցությամբ արձակուրդից հետո:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումներ կայացան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման շուրջ: Սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը երկու անգամ վետո էր դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վրա Հայոց ցեղասպանությունը մերժելու պատճառով, մանրամասն հարցաքննել է Յովանովիչին այդ պատմական փաստի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին, ներկայացնելով Պետդեպարտամենտի այդ ժամանակվա` 1915թ. փաստաթղթերը եւ համեմատելով դրանք նրա պատասխանների հետ:

«ԱՄՆ-ի կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայսրությունում մեկ եւ կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: Միացյալ Նահանգները ճանաչում են այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն է հայտնում հայերին այդ Հիշատակի օրը»,-ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի թեկնածու Մարի Յովանովիչը

«Նախագահ Բուշի քաղաքականությունը կայանում է նրանում, որ չօգտագործվի «Ցեղասպանություն» տերմինը: Նախագահի քաղաքականությունն ուղղված է նրան, որ Թուրքիայի քաղաքացիները հաշտվեն իրենց անցյալի ու հայերի հետ: Նա փորձում է աջակցություն գտնել այդ հարցում առաջընթացի հասնելու համար: Նախագահ Բուշը հավատում է, որ զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը հետեւյալն է` հիշել անցյալը, անել ամեն ինչ, որ այն չկրկնվի, եւ նայել դեպի ապագան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդներն ու կառավարությունները հասկանան եւ հաշտվեն միմյանց հետ: Գլխավոր նվաճումը կլինի Հայաստանի մեկուսացման վերացումը տարածաշրջանում, հարաբերությունների նորմալացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ սահմանների բացումը»,-ասել է Մարի Յովանովիչը: