Կիպրոսի նախագահը առաջիկայում կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, հունիսի 25-26-ը Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը` Աթենք) աշխատանքային այցով գտնվել է Կիպրոսում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրագույն ղեկավարության հետ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կարոյանի Հայաստան կատարելիք առաջիկա այցին, հայ-կիպրական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը: Մարիոս Կարոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող հարցերում:



Հունիսի 26-ին դեսպան Կաժոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Մարկոս Կիպրիանուին, ում հետ քննարկել են միջազգային ասպարեզում Հայաստանի ու Կիպրոսի համագործակցության, նաեւ` ԱԳ նախարարների փոխադարձ այցեր կազմակերպելու հարցեր: Կիպրոսի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Նիկոսիայում ՀՀ ներկայացուցչություն հիմնելու գործում: Դեսպան Կաժոյանի խնդրանքով Կիպրիանուն խոստացել է ուղիներ գտնել բարձրացնելու Հայաստանում Կիպրոսի պատվո հյուպատոսության գործունեության արդյունավետությունը: Ի պատասխան դեսպանի շնորհակալությանը` Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին Լառնակայում վերջերս հուշարձանի բացման գործում Խրիստոֆիասի ցուցաբերած մեծ աջակցության համար, Կիպրոսի նախագահն ասել է, որ իր եւ ողջ կիպրոսցիների համար մեծ պատիվ է հայկական համայնք ունենալը, եւ ինքը «պատրաստ է մշտապես օգնելու Կիպրոսի արժանի զավակներին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---