Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել (վիդեո)

Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ $700 կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ` Ա.Հ-ն քաղաքացի Ն.Խ-ից որպես կաշառք պահանջել է $700 գումար՝ խոստանալով, որ վերջինիս դեմ ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքին ընթացք չի տրվի, իսկ դիմումատուին կպատասխանեն, որ անհրաժեշտ է դիմել այլ իրավասու մարմնին:

Սակարկությունների արդյունքում պահանջվող կաշառքը դարձել է $500:

Դեկտեմբերի 26-ին ժամը 12:00-ի սահմանում քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո ոստիկանական ծառայողական ավտոմեքենայում Ա.Հ-ին է փոխանցել $500-ը, ինչից հետո վերջինս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ գումարը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով փոխանցվել են ՀՀ ՀՔԾ, հարուցվել է քրեական գործ, Ա.Հ-ն ձերբակալվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---