27 դեկտեմբերի 2018 - 17:02 AMT
Սյունիքում, Գեղարքունիքում և Արագածոտնում ԱԻՆ-ը ժամանակավոր հենակետեր է տեղակայել

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն է իրականացնում 5 փրկարար, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն ցուցաբերել ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:

Շուրջօրյա հենակետերը տեղակայված են՝

• Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա

• Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում

• Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա

Հենակետերի տեղանքի ընտրության հարցը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ տեղակայել նաև մյուս մարզերում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները կհամագործակցեն ճանապարհաշինարարական, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ՝ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:

Արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով:

Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կմիանան նաև լրացուցիչ ուժեր: