Սպանություն ու ազգամիջյան լարվածություն Կարագանդայում. Ցանցում հակահայ կրքեր են բորբոքում

Սպանություն ու ազգամիջյան լարվածություն Կարագանդայում. Ցանցում հակահայ կրքեր են բորբոքում

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։

Ղազախստանյան NUR գործակալության փոխանցմամբ, երկրի իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են սպանության մեջ կասկածվող երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Թարգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, տեղի հայ համայնքից են: Կարագանդա քաղաքի դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

Իրավապահները հետախուզում են հայտարարել նաև Նարեկ Գուրուրյանի նկատմամբ։

Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:

«Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը և բացառիկ հանդուրժողականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա և չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր և չեն հաղորդի այս ողբերգությանը ազգամիջյան հակամարտության երանգ», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավացություններ հայտնում սպանվածի հարազատներին։

Միջադեպի հետևանքով քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ մտահոգություն է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես ասել է, որ տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերահսկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։

«Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել` այն դարձնելով հակահայկական ակցիա: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։ Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ վաղն առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար», -նշում է պատգամավորը։

ԱԺ մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ գրել է, որ Կարագանդա քաղաքում հայերի անվտանգությունը այլևս լուրջ խնդիր է դառնում։ Նա մասնավորապես գրել է, որ միջադեպն օգտագործվում է ադրբեջանցիների կողմից, որոնց սոցիալական հարթակներում հայերի նկատմամբ թշնամանք պարունակող հրապարակումներ են անում։

«Անհապաղ պետք է պաշտոնական Աստանայի հետ քննարկել ստեղծված իրավիճակը և թույլ չտալ, որ ադրբեջանական նախիրը, օգտագործելով տեղի տարբեր խմբերի, հերթական հակահայ շարժումը սկսի, ինչը շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել։ Ես վաղը Երևանում կհանդիպեմ Հայաստանում Ղազախստանի արտակագ և լիազոր դեսպանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը», -նշում է պատգամավորը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---