3 հուլիսի 2008 - 14:05 AMT
ԵՄ-ն հուսով է, որ հայ-թուրքական հարաբերություններում իրական առաջընթաց կգրանցվի
Հուլիսի 2-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի (ՔԱԿ, Political and Security Committee) «տրոյկայի» մակարդակով Հայաստան-ԵՄ առաջին հանդիպումը, որը կազմակերպվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քաղաքական երկխոսության նման ձեւաչափը գործընկեր երկրների հետ հարաբերվելու ԵՄ-ի կարեւոր մեխանիզմներից է: Նույն օրը նմանատիպ քննարկում է անցկացվել նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, ՔԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան տկն. Ք. Ռոժյեն: Եվրոպական կողմից քննարկումներին մասնակցում էին ԵՄ-ի ֆրանսիական նախագահության, ԵՄ Խորհրդի քարտուղարության, Եվրոպական Հանձնաժողովի, Եվրամիության հաջորդ նախագահ երկրի` Չեխիայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պ. Սեմնեբին: Խորհրդակցության ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորելով ներքաղաքական իրավիճակի բարելավման ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում:
Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորմանը: Բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակմանը` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա: Եվրոպական կողմը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ՀՀ իշխանությունների քայլերը եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում իրական առաջընթաց կգրանցվի այս ուղղությամբ: