Հայտարարություն. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը հապճեպ է ներկայացվել

Հայտարարություն. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը հապճեպ է ներկայացվել

PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ իրենց դիտարկումներն են ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ ներկայացված նախագիծը նախապատրաստվել է ի միջի այլոց, անփույթ և ներկայացվել հապճեպ կերպով: Հեղինակները պահանջում են կասեցնել նախագծի ընդունման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ 2018թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Վերջինիս վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2019թ․ հունվարի 8-ը։

Հասարակական կազմակերպությունները հարկ են համարել բարձրաձայնել, որ ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց են, և ներկայացրել են իրենց դիտարկումները։

Մասնավորապես, խոսելով ներկայացման գործընթացի մասին, հայտարարության հեղինակները նշում են, որ նախագծի մշակման գործընթացը եղել է ոչ թափանցիկ և անբավարար մասնակցային՝ համեմատած նախորդ երկու հակակոռուպցիոն ռազմավարությունների և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերի (2009-2012թթ. և 2015-2018թթ.) մշակման գործընթացների հետ, որոնցում շահագրգիռ բոլոր կազմակերպությունները ներգրավվել են նախքան նշված փաստաթղթերի պաշտոնական շրջանառումը, ուստիև ավելի մեծ հնարավորություն են ունեցել ազդելու դրանց բովանդակության վրա։

Նշվում է, որ նոր՝ չորրորդ հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն առնչվող միակ քննարկումը եղել է 2018թ․ հունվարին, այսինքն՝ նախորդ կառավարության օրոք։ Հեղափոխությունից հետո նոր ռազմավարության մշակման գործում քաղհասարակության ներգրավման որևէ պաշտոնական գործընթաց չի եղել, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները նույնիսկ չեն քննարկվել։

Ըստ հայտարարության հեղինակների, ակնհայտ է, որ ներկայացված նախագիծը նախապատրաստվել է ի միջի այլոց, անփույթ և ներկայացվել հապճեպ կերպով՝ հասցնելու այն հրապարակել մինչև երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության վերջնաժամկետը՝ 2018թ․ դեկտեմբերի 31-ը։ «Նախագծի առաջ մղման ոչ թափանցիկ և ոչ մասնակցային գործընթացով ՀՀ արդարադատության նախարարությունը անպատասխանու վարքագիծ է դրսևորել ինչպես շահագրգիռ հանրության, այնպես էլ՝ հենց փաստաթղթի ու դրա կարևորության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ ի լրումն փաստաթղթի մշակման խնդրահարույց գործընթացների, նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 22-ի N2 արձանագրային որոշմամբ հաստատված Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի պահանջներին:

Մասնավորապես` նախագծի ռազմավարության հատվածում բացակայում են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են կատարողականի ցուցանիշները, նախատեսված միջոցառումների ղեկավարման մոնիտորինգի և դրանց հաշվարկների իրականացման ընթացակարգերը և այլն։ Փաստաթուղթը դրական լույսի ներքո թվարկում է նախկինում արված գործողությունները՝ առանց կատարելու դրանց արդյունավետության գնահատում։

«Նախագծի անփույթ և հապշտապ նախապատրաստումն իր ազդեցությունն է ունեցել փաստաթղթի բովանդակության վրա։ Այն, ակնհայտորեն, հանդիսանում է նախորդ իշխանությունների որդեգրած ձևական մոտեցումների տրամաբանական շարունակությունը և չի արտացոլում կոռուպցիայի դեմ պայքարին միտված քաղաքական կամքի առկայությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2018թ․ սեպտեմբերի վերջին Երևանում ներկայացվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի կողմից իրականացված մոնիտորինգի չորրորդ շրջափուլի արդյունքում պատրաստված զեկույցը, որում ներկայացվեցին բազմաթիվ առաջարկություններ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու առնչությամբ։ Նշվում է, որ այս զեկույցում բերված բավականին մեծ թվով առաջարկություններ պարզապես անտեսվել են նախագծի հեղինակների կողմից։

«Հաշվի առնելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի որակի, բովանդակության և ընդունման գործընթացի վերոնշյալ խնդիրները՝ պահանջում ենք կասեցնել նախագծի ընդունման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ Ժամանակն է վերջ տալ նախորդ կառավարությունից ժառանգած ձևական ու կեղծ մոտեցումներին, և երկրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար փաստաթուղթը համահունչ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամքի առկայությանն ու հանրային ակնկալիքներին։ ՀՀ կառավարության մարմինների կողմից մասնակցային և բաց գործընթաց ապահովելու պատրաստակամության պարագայում պատրաստ ենք համագործակցել՝ ունենալով բովանդակային ներդրում փաստաթղթի վերանայման և բարելավման գործում»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---