9 հունվարի 2019 - 17:33 AMT
Կարագանդայի գործով կասկածյալ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ՌԴ-ում

Կարագանդայում զանգվածային ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը:

ՀՀ քաղաքացի Գուրուրյանին ձերբակալել են ՌԴ Օմսկի շրջանում, հայտնում է «Sputnik Ղազախստանը:

«Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, ՌԴ Օմսկի շրջանում ձերբակալել են հունվարի լույս 1-ի գիշերը Կարագանդայում զանգվածային խուլիգանական գործողությունների և սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին»,-ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Ըստ օրենսդրության, լուծվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը:

Ավելի վաղ Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալ և հետախուզվող Նարեկ Գուրուրյանը համացանցում հրապարակած տեսաուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների համար, սակայն մարդասպան չէ: Նա հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահ մարմիններին և ակնկալում է արդար քննություն և իր անվտանգության ապահովում: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Գուրուրյանի ուղերձը՝ նշելով, որ նրա ազգականներին են փոխանցվել իրավապահ մարմինների աշխատակիցների հեռախոսահամարները:

Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների, իրավապահները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող 3 անձի, որոնցից 2-ը տեղի հայ համայնքից են: Սպանությանը հաջորդել են հակահայ կարգախոսներով բողոքի ցույցերը:

Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:

Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավացություններ հայտնում սպանվածի հարազատներին։