«Հայանտառում» կաշառքով թույլատրել են ապօրինի ծառահատումները. 10 մարդ մեղադրվում է

«Հայանտառում» կաշառքով թույլատրել են  ապօրինի ծառահատումները. 10 մարդ մեղադրվում է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր, հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը:

Մեղադրանք է առաջադրվել 10 անձի:

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թվականներին ընդգրկված լինելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք անտառտնտեսություններում ստուգումներ իրականացնող խմբերում, պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները, ավելին՝ ոչնչացրել են հիշյալ անտառտնտեսություններում ստուգման ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, իսկ ստուգման արդյունքներով կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտերում մտցրել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նվազեցնելով տվյալ անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակն ու պատճառված վնասի չափը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը։

Բացի այդ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացված ստուգումների ընթացքում ակնհայտ ապօրինի հիշյալ գործողությունները կատարելու համար անտառպետությունների անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք. բացահայտվել է նման չորս դրվագ:

Քննությամբ պարզվել են նաև քաղաքացիների կողմից տարբեր անտառապետերին կաշառք տալու մի շարք դեպքեր։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված առերևույթ հանցավոր դրսևորումներին առնչություն ունեցած 10 անձի ինքնություն, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (пաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), 324-րդ հոդվածի 2-րդ մասով (քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքով 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նույն բաժնի պաշտոնատար անձ հանդիսացող հինգ նախկին տեսուչիի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ապօրինի ծառահատումներ իրականացնելու և կաշառք տալու համար՝ 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), ևս երկու քաղաքացու՝ կաշառք տալու համար՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Բաժնի պետի նախկին տեղակալի և երեք քաղաքացու մասով գործն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի հինգ նախկին աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---