7 հուլիսի 2008 - 14:36 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը տարածաշրջան կարող է կայանալ սեպտեմբերին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան կարող է կայանալ սեպտեմբերին»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու համանախագահների վերջին այցելության ժամանակ տեղի ունեցած բանակցությունները հիմնված են «մադրիդյան առաջարկների» վրա, որոնք հակամարտության կողմերին էին ներկայացվել 2007թ. նոյեմբերին: «Սանքտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց այդ առաջարկների հիման վրա: Հայաստանը բազմիցս է պատրաստակամություն հայտնել շարունակել բանակցությունները միջնորդների ներկայացված սկզբունքների հիման վրա»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ, ի վերջո, Ադրբեջանը եւս հաստատեց իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները «մադրիդյան առաջարկների» հիման վրա: