Վարչապետը Մանվել Գրիգորյանի հարցով ճանապարհ փակողներին․ Դա կառավարության դեմ է` դրա լիազորությունը չունեք

Վարչապետը Մանվել Գրիգորյանի հարցով ճանապարհ փակողներին․ Դա կառավարության դեմ է` դրա լիազորությունը չունեք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելը դեմ բողոքի ցույցերին, ասել է, որ կարող է հասկանալ, որ ճանապարհ փակողներն ուզում են ուշադրության կենտրոնում պահել հարցը, բայց այդպիսով գործում են կառավարության դեմ:

«Տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Կառավարության և իշխանության գործունեության արդյունքում են այդ բացահայտումները տեղի ունեցել: Իսկ ճանապարհ փակելը ընդդեմ ՀՀ կառավարության է՝ որ ասեն, թե կառավարությունը ճամփեքն էլ չի կարողանում բաց պահել»,- ասել է վարչապետը:

«Ճանապարհին մնացողը իշխանություն չի՞», - հռետորական հարց է տվել Փաշինյանը՝ նշելով, որ իշխանությունն ընտրվել է նաև ճանապարհների անցանելիությունը ապահովելու համար։

Նա վստահեցրել է, որ Մանվել Գրիգորյանի գործի նախաքննությունը շարունակվելու է և հասնելու է դատական գործընթացի:

Վարչապետը խոստովանել է, որ իր համար էլ էր տհաճ, երբ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին իմացավ: «Դա է անկախ դատական իշխանությունը, որ իշխանությունը դատական համակարգից իր համար միայն հաճելի լուրեր չի լսում»,-ասել է նա:

Ըստ Փաշինյանի, տպավորություն կա, որ էջմիածնում ոչ թե մեկ, այլ մի քանի կլան է եղել: «Ոմանք փորձում են այս ֆոնին նորից կլանային ինչ-ինչ հարաբերություններ հաստատել Էջմիածնում ու երկրում: Չի անցնելու: Ժողովուրդն ինքն իր իշխանությունն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը:»,-ասել է նա:

Վարչապետը կոչ է արել կաթվածահար չանել հանրապետության և նրա առանձին հատվածի կյանքը:

«Բա լա՞վ էր, որ Նիկոլը ճանապարհ էր փակում, հիմա մենք ենք փակելու: Չեք փակելու, որովհետև դուք դրա լիազորութոյունը չունեք, չեք ստացել այդ լիազորությունը: Ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր ուզում են փակել ճանապարհներ․․․ կարող եմ հասկանալ, որ ուշադրություն են ուզում գրավել ինչ-որ հարցի նկատմամբ, բայց եթե ուզում են իրավիճակը կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ»,- շեշտել է նա։։

Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մանվել Գրիգորյանի կալանքի պահանջով ցուցարարներին, խնդրել է սադրանքների չտրվել, կլանային պատերազմների մեջ չներքաշվել: «Ասում են, թե Էջմիածնում վախենում են, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է: Եթե վախենում եք, նշանակում է, այդ մարդկանց համար էլ երկրում բան չի փոխվել: Հին ձևերով են գործում այն մարդիկ, որ ասում են՝ փակում ենք, չենք թողնում՝ մարդիկ գնան իրենց տուն»,- ասել է վարչապետը:

2018 թ. դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով:

Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---