ՀՀ-ում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի կներդրվի

ՀՀ-ում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի  կներդրվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ, հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի և մեր կառավարության համար, քանի որ առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը պետք է ունենանք շատ կոնկրետ արդյունքներ», - նշել է վարչապետը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ աշխատանք է կատարվել անհրաժեշտ քայլերն ուրվագծելու ուղղությամբ, և մշակվել է համապատասխան վերլուծական փաստաթուղթ:

Նա ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը:

Թորոսյանը նաև ներկայացրել է համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:

Մտքերի փոխանակում է եղել համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են կառավարման ձևաչափին, ներդրման ժամկետներին, ընդգրկման ծածկույթին, ֆինանսավորման մեխանիզմներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտողություններն ու նկատառումներն են հայտնել քննարկվող փաստաթղթի առնչությամբ, հանդես եկել առաջարկություններով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակը, բոլոր հնարավոր սցենարները և տեսակետները հաշվի առնելով, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումն է՝ հնարավորինս օպտիմալ լուծումների հասնելու համար:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ վարչապետը նշել է, որ գործադիրի ր քաղաքական դիրքորոշումն է, որ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր:

Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---