9 հուլիսի 2008 - 15:46 AMT
Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը սերտորեն կապված է հայ ժողովրդի անվտանգության եւ ապագայի հետ
Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը առնչվում է մեր ժողովրդի ու պետականության գոյությանը, անվտանգությանը եւ ապագային: Այդ մասին հայտարարվեց հուլիսի 3-ից 8-ը Երեւանում տեղի ունեցած Հայ Յեղափոխական Դաշնակցության նորընտիր Բյուրոյի լիագումար նիստում: ՀՅԴ Բյուրոյի անդամները բացառում են, որ Հայաստանը ներկայացնող որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այս խնդրում այլ մոտեցում կարող է ունենալ:

Առանձնահատուկ շեշտվեց, որ անհրաժեշտ է Արցախի հիմնահարցը հետեւողականորեն պահել մեր համազգային օրակարգում` իբրեւ Հայաստանի ու հայության լինելիությանն ու հեռանկարին առնչվող գերխնդիր: Քննարկվեցին հարցի արդարացի լուծման, Ցեղասպանության ճանաչման եւ պետականությանն աջակցելու ուղղությամբ կուսակցության եւ ուղեկից կառույցների, Հայ դատի գրասենյակների անելիքները:

Հաջորդը Սփյուռքը վերակազմակերպելու, քաղաքական ու տնտեսական կարեւոր գործոնի վերածելու աշխատանքներն են` ի խնդիր Հայաստանն ու հայությունը աշխարհում հաշվառելի ուժ դարձնելու: Այս առումով կարեւորվեց Սփյուռքի նախարարության կազմավորումը` իբրեւ որակական նոր հանգրվան թեւակոխելու հնարավորություն: Գոհունակությամբ նշվեց, որ 169-ը կուսակցություններ ընդգրկող Ընկերվար միջազգայնականի վերջին համաժողովում Դաշնակցության ներկայացուցիչը համաշխարհային այդ կառույցի փոխնախագահ է ընտրվել: Որոշվեց նաեւ որակական նոր մակարդակի բարձրացնել ներքին եւ արտաքին քարոզչությունը: