Մարուքյանը ԵԽԽՎ-ում «թավշյա հեղափոխություն» է մաղթել Ադրբեջանին

Մարուքյանը ԵԽԽՎ-ում «թավշյա հեղափոխություն» է մաղթել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ հետագա բարեփոխումների համար։ Այդ մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել հետմոնիտորինգային երկխոսություն:

Էդմոն Մարուքյանը նաև արձագանքել է Հայաստանի ընտրությունների, ՀՀ նախորդ իշխանությունների վերաբերյալ ադրբեջանցի պատվիրակների ելույթներին, ասելով, որ եթե որևէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին, և «թավշյա հեղափոխություն» է մաղթել Ադրբեջանին, հայտնում է Panorama.am-ը:

«Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում՝ պահանջով ազատել քաղբանտարկյալներին։ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի՝ քաղբանտարկյալներին վերաբերող որոշումները և այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին։ Ես ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում զարգանում է, այնուամենայնիվ ծիծաղելի է այդ գործընթացների վերաբերյալ հայտարարություններ լսել Ադրբեջանից, երկիր որտեղ առկա են լրջագույն թերություններ։ Հայկական պատվիրակության անունից ես կցանկայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, թե որքան ուշադիր են հետևում մեր ադրբեջանական գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին։ Հուսով եմ, նրանք մեզանից կսովորեն՝ ինչպես է ժողովրդավարությունը լինում։ Ուստի ես մաղթում եմ ձեզ «թավշյա հեղափոխություն» որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար»,-ասել է Մարուքյանը։

Քննարկմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին սպառնալու ծիծաղելի փորձեր արեց, հայտարարելով, որ մեկուսացնելու են Հայաստանին տարածաշրջանային բոլոր նախագծերից։ Ես շարունակում եմ լավատես լինել և հույս ունենալ, որ թե՛ մեր, թե՛ միջազգային այլ կառույցներում և թե՛ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նման հայտարարությունները պետք է անարձագանք չմնան։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում բացառիկ դերակատարություն ունեցող երկիր և մենք պատրաստ ենք նոր որակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել միջազգային մեր գործընկերների հետ, հանուն այն հաջողության, որի անունն է ժողովրդավարություն և զարգացում»,-ասել է Զոհրաբյանը։

ԵԽԽՎ-ում իրենց ելույթերով բավական ակտիվ էին Ադրբեջանցի պատվիրակները, որոնք այս անգամ իրենց քննադատություններում թիրախավորել էին ոչ թե Հայաստանին, այլ ԵԽԽՎ-ին՝ նախկինում Հայաստանի վերաբերյալ դրական զեկույցներ կազմելու ու դրական ելույթներով հանդես գալու համար, անգամ կոչ անելով հստակ դիրքորոշում հայտնել Հայաստանի աջակիցների նկատմամբ։ Ադրբեջանցի պատգամավոր Ֆատալիևան էլ, «մտահոգվելով» հայ ժողովրդի համար, հույս հայտնեց, թե Հայաստանի նոր իշխանությունները կառաջնորդվեն միայն հայ ժողովրդի շահերով ու կնորմալացնեն հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի