DataArt -ը մտադիր է կենտրոն հիմնել ՀՀ-ում

DataArt -ը մտադիր է կենտրոն հիմնել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն և Յուլյա Զավիլեյսկայային։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանք Արշակյանին ներկայացրել են ընկերության գործունեությունը։

DataArt-ը գործում է արդեն 20 տարուց ավելի և առաջարկում է ՏՏ լուծումներ ֆինանսական, առողջապահական, տուրիզմի, մեդիայի և ինտերնետ իրերի (IoT) ոլորտում։Ընկերության երկու տասնյակ կենտրոններում աշխատում են 2600-ից ավելի մասնագետ։ Ծառայությունների աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն։

Միխայիլ Զավիլեյսկին նշել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է գործակցությամբ, այդ թվում` Հայաստանում իրենց կենտրոնը հիմնելու ծրագրով։ Նրանք պատրաստակամ են աջակցելու նաև ՏՏ ստարտափերի էկոհամակարգի զարգացմանը, ինտեգրվելու հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին և կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է տարբեր տարիներին, այդ թվում նաև Խորհրդային Միության ժամանակաշրջանում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների բարձր որակավորումը, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որոնց հիմքի վրա ներկայում էլ ակնհայտ են ոլորտի զարգացման ու առաջընթացի միտումները։

Նախարարն ընդգծել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նշանակալի դերը ոլորտի զարգացման գործում։ Նշվել է նաև, որ ներկայում բուհում լուրջ բարեփոխումների փուլ է, ոլորտի առաջատար ընկերություններ ընդգրկված են կրթական մոտեցումների մշակման գործընթացում և իրենց լաբորատորիաններն են բացում այնտեղ։

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ Հայաստանում նորարարության պակաս չկա, և համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծման պարագայում սրընթաց վերելքն անխուսափելի է լինելու։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությանը, որի մաս են կազմում նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն ու ազգային վենչուրային հիմնադրամ ունենալու նախագիծը։

Քննարկվել են գործակցության հնարավոր բոլոր ուղղությունները, դրանցում հայ մասնագետների ներգրավվածության հնարավորությունները։

 Ուշագրավ
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել