Փաշինյան. Չեմ կարող բանակցել ԼՂ անունից՝ արցախցիներն ինձ վարչապետ չեն ընտրել

Փաշինյան. Չեմ կարող բանակցել ԼՂ անունից՝ արցախցիներն ինձ վարչապետ չեն ընտրել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի կարող բանակցություներ վարել Լեռնային Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիներն իրեն վարչապետ չեն ընտրել:

«Մեր հանդիպման ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ես ներկայացնում եմ ու կարող եմ բանակցություններում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին, հետևաբար՝ իրենք ինձ չեն ընտրել որպես վարչապետ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին ինչ է խոսվել Դավոսում Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանն ու անդրադարձ եղել է արդյոք Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու թեմային, հայտնում է Aysor.am-ը:

«Նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունն, իրենց խորհրդարանը»,-հավելել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մանրամասներին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է՝ էթիկապես անընդունելի է դուրս գալ ու պատմել ամեն ինչի մասին, ինչ խոսվել է: «Պարզ է, որ լրագրողների, քաղաքացիների համար հետաքրքիր է բոլոր դետալներով իմանալ՝ ինչի մասին էինք մենք խոսում, բայց զուտ էթիկական տեսանկյունից դա անընդունելի է, երբ դուրս են գալիս ու պատմում այն ամենի մասին, ինչի մասին խոսվել է։ Բայց, ընդհանուր առմամբ, բոլորդ գիտեք՝ ինչի մասին ենք մենք խոսել։ Խոսակցությունն ընթանում էր այն սահմաններում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկի հնարավորությանը, ՀՀ վարչապետը նշել է՝ «մեր ԱԳ նախարարները հանդիպում են ու աշխատում այդ ուղղությամբ, դեռևս ոչ մի հստակ բան չկա»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը։«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»- գրել է վարչապետը։

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---