11 հուլիսի 2008 - 14:51 AMT
ANCA. Յուսուֆ Ղալաչօղլուն մշտապես հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը
Յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ Թուրքիայի պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն հայտարարություններ է անում, որոնք թեթեւակի ուսումնասիրությունից հետո սուտ են դուրս գալիս: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ղալաչօղլուն փառք որոնողի եւ անուղղելի ստախոսի միջինն է»,-հայտարարել է Արամ Համբարյանը:

Նախօրեին Յուսուֆ Ղալաչօղլուն հայտարարել էր, թե առաջարկություններ է ստանում դաշնակներից իսկական ցեղասպանությունն ուսումնասիրելու վերաբերյալ: «Այդքան էլ հեշտ չէ ստիպել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը: Եվ հայերի համար էլ դյուրին չի լինի հրաժարվել այն «շիլայից, որ իրենք են եփել»: Ուսումնասիրությունների մասին առաջարկները ստացվում են ոչ թե Հայաստանից, այլ Արեւմուտքից: Ձեզ հայտնի է, որ հայկական սփյուռքի հիմնական կոմիտեները գտնվում են ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: Տեսնենք, թե որքան անկեղծ են նրանք այս հարցում: Մենք Սարգսյանի առաջարկին վերաբերվում ենք նույն համատեքստում,»,-ընդգծել է նա: