
ՀՀ զինված ուժերի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերածների հիշատակին, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրան ուղեկցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը:
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի թանգարանի կառուցման նախագծին և շինաշխատանքների ընթացքին։
Հունվարի 28-ին Երրորդ Հանրապետության բանակը դարձավ 27 տարեկան: