28 հունվարի 2019 - 13:23 AMT
Նախարար. Ամբողջապես պայմանագրային ծառայության անցնելու ոչ մի պայման չկա

Հայկական ԶՈւ-ն մեծաքանակ է, բանակը ստիպված ենք պահել՝ ունենալով համապատասխան մարտահրավերներ, որոնք շարունակական են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ամբողջապես պայմանագրային զինծառայության անցնելու պայմաններ չկան:

«Մենք պետք է ունենանք միջազգային բոլոր չափանիշներով և բնակչությանն անհամաչափ բանակ: Այդ իսկ պատճառով անելու ենք ամեն ինչ, որ գործի փոխլրացման համակարգը՝ և' ժամկետային պարտադիր ծառայության, և' պայմանագրային ծառայության: Մենք այլ տարբերակ չունենք, ամբողջապես պայմանագրային ծառայության անցնելու ոչ մի պայման առկա չէ»,- շեշտել է նախարարը, հայտնում է Yerkir.am-ը:

Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առիթով երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր։

Ավելի վաղ, ներկայացնելով 2019-ի հիմնական անելիքները պաշտպանության նախարարը ասել էր, որ կարևոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը։