Կարասին. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է լավ պատրաստվեն

Կարասին. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է լավ պատրաստվեն

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում միջազգային հանրությունը՝ համանախագահող երեք երկրները, Եվրոպական միությունը կոնսենսուս ունեն՝ ուժի կիրառման ցանկացած սցենար պետք է բացառվի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ արծարծված հարցերը։

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումներին՝ Կարասինն ասել է, որ հանդիպումները պետք է «լինեն սուբստանտիվ (առարկայական), գրանցեն իրական արդյունքներ»:

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք Ղարաբաղի խնդրին, ողջունել ենք ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ցանկություն ենք հայտնել, որ այդ հանդիպումները շարունակական լինեն։ Գիտեք՝ այդ ուղղությամբ աշխատում են համանախագահները՝ ԵԱՀԿ Մինսկ խմբի շրջանակներում։ Առջևում նոր հանդիպումներ են, այդ հանդիպումները տեղի կունենան տարբեր մակարդակներում՝ թե՛ արտգործնախարարների, թե՛ երկու երկրների ղեկավարների»,-ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի լինեն սուբստանտիվ, գրանցեն իրական արդյունքներ և առաջընթաց։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի և հանգիստ։ Մենք գոհունակությամբ ընդգծում ենք, որ վերջին ամիսներին այն կա. միջազգային հանրությունը՝ համանախագահող երեք երկրները, Եվրոպական միությունը կոնսենսուս ունեն՝ ուժի կիրառման ցանկացած սցենար պետք է բացառվի»,-հավելել է նա։

Կարասինը նշել է նաև, որ Հայաստանում է աշխատանքային այցով: «Մենք երեկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ գրեթե կես օր քննարկել ենք երկկողմ հարաբերություններին վերաբերող գրեթե բոլոր հարցերը, որոնք հետևողականորեն զարգանում են նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միություն, ԱՊՀ, ՀԱՊԿ։ Մենք զարգացրել և շարունակելու ենք զարգացնել համագործակցությունը», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---