31 հունվարի 2019 - 14:22 AMT
Մանկապարտեզներում առցանց հերթագրման կայք է գործարկվել

Երևանի քաղաքապետարան գործարկել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող Mankapartez.yerevan.am. կայքը:

Իրենց երեխաների հերթին սպասող ծնողները, որոնք այսուհետ անձամբ կհետևեն համակարգի ողջ ընթացքին, գործ կունենան միայն իրենց անձնական տվյալների հետ:

Այստեղ մուտքագրվել են մայրաքաղաքի մանկապարտեզներին վերաբերող բոլոր տվյալները, ըստ այդմ, գործում է 160 մանկապարտեզ, 948 խումբ, կա նախակրթարան հաճախող 29,823 երեխա, հերթագրված՝ 8285: Մանկապարտեզների կառավարման համակարգը ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը:

Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաև առցանց հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է:

Ինչպես մուտք գործել համակարգ

Անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, նշել երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը և երեխայի անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ՝ գրանցելիս:

«Այստեղ արդեն կտեսնեք, թե տվյալ մանկապարտեզում, տվյալ տարիքային խմբում քանի երեխա կա հերթագրված, տեսնում ենք, ի դեպ, միայն այդ երեխայի տվյալը և թե այդ երեխան որ հերթում է»,- նշել է նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

Մասնագետները նշում են. արվել է հնարավորը՝ համակարգը մատչելի դարձնելու համար: Պարզապես հարկավոր է հետևել համապատասխան հրահանգներին:

Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երևանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ, որը ևս առկա է կայքում՝ հղման միջոցով: Արտոնությունների ցանկում ընդգրկված են մի շարք խմբեր: Քաղաքապետի որոշումը տարածվում է ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաների վրա: