31 հունվարի 2019 - 14:28 AMT
Որոշ սոցխմբերի համար բուժօգնության նոր փաթեթ կներդրվի

Բուժօգնության նոր փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է, թե որ խմբերը և ինչ անվճար բժշկական ծառայություններից կօգտվեն:

Ավելի ուշ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ որոշումը դրական կազդի մոտ 230.000 քաղաքացու վրա։

Խոսքը հետևյալ խմբերի մասին է՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ:

«Երկրորդ կարևոր փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի միավոր ունեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամները, մինչև 7 տարեկան երեխաները, 7-18 տարեկան սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձինք ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանում են առանց համավճարի կիրառման՝ ի տարբերություն նախկինի, երբ նրանք նաև համավճար էին վճարում, այսինքն՝ մի մասը պետությունն էր վճարում, մի մասը՝ իրենք: Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը, հայտնում է Shantnews-ը:

Ըստ նախարարի՝ նախատեսված են նաև լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստումը, տեղադրումը, վերանորոգումը, մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթների բուժումը:

«Այս ծրագրի համար նախատեսված է 500 մլն դրամ»,- հավելել է Թորոսյանը: