14 հուլիսի 2008 - 17:07 AMT
Իրանի նախագահը կթույլատրի ամերիկյան դիվանագիտական գրասենյակ բացել Թեհրանում
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում ամերիկյան դիվանագիտական գրասենյակ բացելու հարցում: Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստից հետո, ընդգծելով, որ ողջունում է իր երկրի ժողովրդի եւ ԱՄՆ-ի միջեւ կապերի ընդլայնման գաղափարը: Ահմադինեժադը հավելել է, որ որեւէ պաշտոնական հարցում չի ստացել Վաշինգթոնից:

Հունիսին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ամերիկյան կառավարական շրջաններում քննարկվում է Թեհրանում ԱՄՆ-ի ներկայացուցչության բացման մասին հարցը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները ընդհատված են 1980 թվականից Իրանի մայրաքաղաքում ծայրահեղականների կողմից ԱՄՆ դեսապանատան գրավումից հետո 1979 թվականի նոյեմբերին: Վաշինգթոնն ու Թեհրանը պարբերաբար խնդիրներ են ունենում իրանական միջուկային ծրագրի, ինչպես նաեւ Իսրայելի ու Մերձավոր Արեւելքում ամերիկյան օբյեկտների նկատմամբ իրանական սպառնալիքների պատճառով:

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը բազմաթիվ անգամներ առաջարկել է Իրանին քաղաքական երկխոսություն սկսել` Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցման մասին Անվտանգության խորհրդի բանաձեւի կատարման դեպքում:

Իրանն իր շահերը ներկայացնող բաժինն ունի, որը տեխնիկապես հանդիսանում է Պակիստանի դեսպանատան մասը: Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է շվեյցարական դեսպանատունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: