KfW-ի տնօրեն. ՀՀ-ն Գերմանական զարգացման բանկի կարևոր գործընկերն է

KfW-ի տնօրեն. ՀՀ-ն Գերմանական զարգացման բանկի կարևոր գործընկերն է

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանական զարգացման բանկի համար, որի հետ համատեղ արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվում: Այդ մասին հայտարարել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան Քյոլնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից:

ՀՀ վարչապետը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության և ջրամբարաշինության ոլորտներում ներկայիս ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակել հեռանկարային այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է 2018թ. նոյեմբերին KfW բանկի հետ ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը` 23,208,483.13 եվրո ընդհանուր արժեքով, որը տարածաշրջանում այս ոլորտի ամենանշանակալի ծրագրերից մեկն է:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում այդ ոլորտը բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանեցնելը կառավարության կարևոր առաջնահերթություններից է և ուրախալի է այդ գործում, ի դեմս Գերմանական զարգացման բանկի, ունենալ նման վստահելի դաշնակից:

KfW-ի տարածաշրջանային տնօրենն իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքից: Զիմելկան ավելացրել է, որ Հայաստան-KfW գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական կապերի զարգացմանը, և բանկը հետաքրքրված է նոր նախաձեռնությունների քննարկմամբ ու իրականացմամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---