Փաշինյան. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր

Փաշինյան. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր

PanARMENIAN.Net - ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում՝ «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո՝ թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով իր ելույթոում:

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Վարչապետը նշել է նաև, որ ՏՏ-ն բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից և կարողություններից անկախ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: և որ ամենակարևորն է, ՏՏ-ը և թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը: Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա»,-մասնավորապես ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է «Նաիրիտ-2-ը»՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում:

«Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում աճել է 5 անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ:

Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ:Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով:Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան և կիսահաղորդչային տեխնոլոգիաները:

Կրթությունը հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի: Հայաստանում ստեղծեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես համաշխարհային բրենդ: Այն արդեն իսկ ներկայացված է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան: Միևնույն ժամանակ մենք դպրոցականներին հնարավորություն ենք տալիս սովորել ռոբոտաշինություն ARMAT լաբորատորիաներում»,-ասել է նա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր «ստացել և ստանում են գերազանց կրթություն»: «Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը:

Նկատի առնելով վերոհիշյալը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 40-ամյա պատմության մեջ վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի այնպիսի փոքր, զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է:Ինքնին խոսուն է այն փաստը, որ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում: Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը: Ես բոլորիդ հրավիրում եմ գալ և մասնակցել Կոնգրեսին: Այն նաև ձեզ հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկանալ Հայաստանի տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին, ինչպես նաև ճանաչել մեր հնագույն մշակույթը, արվեստը, վայելել մեր ժողովրդի հյուրընկալությունն ու խոհանոցը»,-ասել է նա:

Քյոլնի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1388 թվականին: Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է: Այն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո):

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---