Էդվարդ Նալբանդյանն ու Քոնդոլիզա Ռայսն ընդգծել են, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման սկզբում նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանագների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության զարգացմանն ու ամրապնդմանը եւ համագործակցության սերտացմանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը, Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը եւ ավանդույթները, առկա իրավա-պայմանագրային դաշտը, համագործակցության ընդլայման ուղղությամբ քաղաքական կամքի դրսեւորումը հնարավորություն են ընձեռում առավել զարգացնելու տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերը, Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կողմից հատկացված մոտ 1.9 մլրդ դոլարի հասնող աջակցությունը:





Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նշվեց, որ խնդիրը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում: Երկուստեք բարձր գնահատական տրվեց Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, կարեւորվեց բանակցությունների շարունակումը 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնք հնարավորություն են ստեղծում առաջընթաց արձանագրել խաղաղ գործընթացում:



Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին, նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացրեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---