Գոտիավորման խորհուրդը թույլատրել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը պատմական Ազգային Բանկի շենքում տեղակայել

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին, ստանալով ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի Գոտիավորման խորհրդի (District of Columbia's Board of Zoning Adjustment (BZA) թույլտվությունը, Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (ԱՀՑԹ) հաղթահարեց եւս մեկ փուլ պատմական Ազգային Բանկի շենքի կարեւոր նախագծային պլանը հաստատելու գործընթացում, որի համաձայն այնտեղ կտեղակայվի թանգարանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA): Հինգ անդամից բաղկացած Գոտիավորման խորհուրդը միաձայն իր հավանությունը տվեց թանգարանի նախագծին` թույլատրելով Բանկի շենքին կից ժամանակակից շինության կառուցումը, որը կդյուրացնի այցելուների շրջագայությունը թանգարանի ցուցասրահներում: Նոր կառույցը կապահովի տարածք ժամանակակից հարմարությունների, այդ թվում հանրային աստիճանների, վերելակների եւ սպասասրահի համար հարակից շենքում: Կոլումբիայի շրջանի Պատմական հուշարձանների պահպանության վերանայող խորհուրդը (HPRB), որը ս.թ. մարտի 27-ին հաստատեց թանգարանի ծրագիրը, հավանության արժանացրեց պատմական շենքն ամբողջովին իր նախնական ճարտարապետական տեսքին բերելու կոնցեպցիան, ինչպես նաեւ ողջունեց պատմական շենքում փոփոխությունները նվազագույնի հասցնելու առաջարկը` անհրաժեշտ ժամանակակից հարմարությունները նոր կառույցում տեղադրելու միջոցով:



«Սա հրաշալի ծրագիր է, եւ հաճելի է տեսնել, թե ինչպես այս պատմական շինությունը վերջապես օգտագործման է դրվում», - ասաց Գոտիավորման խորհրդի նախագահ Ռութեն Միլերը: Գոտիավորման խորհրդի նիստին Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (ԱՀՑԹ) ներկայացրել են Գարի Մարթինեզը «Մարթինեց եւ Ջոնսոն Արքիթեքչը» (Martinez and Johnson Architecture) ընկերությունից եւ Նորման Գլասգոուն «Հոլանդ ընդ Նայթ»

(Holland & Knight) իրավաբանական ընկերությունից, ովքեր պատասխանեցինգոտիների կիրառման վերաբերյալ տեխնիկական հարցերին:



Գոտիավորման խորհուրդը նշել է, որ «Շրջակայքի խորհրդակցական հանձնաժողով» (Advisory Neighborhood Commission (ANC) կարեւոր համայնքային կազմակերպությունը, որի անդամներին նշանակում է Կոլումբիայի շրջանի կառավարությունը, ինչպես նաեւ Կոլումբիայի շրջանի Պլանավորման գրասենյակն իրենց աջակցությունն են հայտնել թանգարանի առաջարկած լրացուցիչ շենքի կառուցմանը: Ի վկայություն թանգարանի ծրագրի խիստ հավանության, ANC-ի ներկայացուցիչները նամակ են հղել Գոտիավորման խորհրդին` վերջինից խնդրելով «մեծ կշիռ տալ մեր խորհրդատվությանը»:



«Գոտիավորման խորհրդի բարենպաստ գործողության արդյունքում, եւս մեկ մեծ քայլ արվեց թանգարանը կյանքի կոչելու ուղղությամբ», - ասաց ԱՀՑԹ-ի հոգաբարձու եւ Շինարարության ու գործառնությունների կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանը: «Մենք անչափ ուրախ ենք այս վերջին զարգացումով: Ցուցանմուշների դիզայնի սխեմաների պատրաստումն արդեն ավարտվել է: Ուրախ ենք, որ վերջերս մեզ հետ Վաշինգտոնում էր Երեւանի Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը` ծրագրի վերաբերյալ խորհրդակցելու նպատակով, եւ անկեղծ ցանկանում ենք մեր երախտիքը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են այսքան արագ թանգարանը հասցնել ներկայիս փուլի»:



Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (ԱՀՑԹ) տեղակայված կլինի Վաշինգտոնում` 14-րդ եւ Ջի (14th and G Streets, NW) փողոցների խաչմերուկում: Նախատեսվում է, որ այն կբացվի 2010թ.: Վաշինգտոնի Ազգային Բանկի պատմական հինգհարկանի շենքն ամբողջովին կվերականգնվի ու կնորոգվի` ապահովելու մոտ 18,000 քառակուսի ֆուտ տարածք ցուցանմուշների համար, որոնք կներկայացնեն հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթը եւ հարատեւումը արհավիրքների պայմաններում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---