15 հուլիսի 2008 - 19:03 AMT
Հայաստանը շահագրգռված է հոլանդական կողմի հետ ռազմական համագործակցություն ծավալել
Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում նախարարը նշեց, որ երկու երկրների միջեւ խնդիրների բացակայությունը, հայ եւ հոլանդացի ժողովուրդների փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը ամուր հիմքեր են ստեղծել մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար եւ որ նման հարաբերությունները խթանող հանգամանքներից է նաեւ Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ:

Ս.Օհանյանը փաստեց նաեւ, որ Հայաստանը թեւակոխել է Եվրոպայի հետ հարաբերությունների որակական նոր փուլ եւ որ լուրջ քայլեր են ձեռնարկվում եվրոպական երկրների հետ ռազմական եւ ռազմաքաղաքական բնագավառում համագործակցությունը պատշաճ մակարդակի հասցնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նաեւ Աֆղանստանում իրականացվող գործողություններին, որտեղ Նիդերլանդները շուրջ 1800 հոգանոց զորակազմ են տեղակայել, ինչպես նաեւ հավելեց, որ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի` ներկայումս ակտիվ բարեփոխումների փուլում գտնվելու հանգամանքը, ՀՀ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է հոլանդական կողմի հետ ռազմական համագործակցություն ծավալել: Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-հոլանդական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն` համագործակցության նոր` այդ թվում նաեւ ռազմական, ոլորտներ ընդգրկելով: