Թուրքիան նորից խլել է «Սանասարյան տունը» հայերից

Թուրքիան նորից խլել է «Սանասարյան տունը» հայերից

PanARMENIAN.Net - Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը:

Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված շենքի սեփականության իրավունքը վերադարձվել էր պատրիարքարանին: Սակայն հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով օրերս գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել է՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը, հայտնում է Ermenihaber-ը:

Հայկական կողմի շահերը պաշտպանող փաստաբան Ալի Էլբեյօղլուն հայտարարել է, որ վճիռը բողոքարկելու համար դիմելու է Թուրքիայի սահմանադրական դատարան:

Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը հետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան: Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը:

«Սանասարյանի հան»-ը կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---