6 փետրվարի 2019 - 13:31 AMT
Օսիպյանը դեմ է «Սասնա ծռերի» 10 անդամի համաներմանը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առարկել է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի նկատմամբ համաներում կիրառվի:

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին ի պատասխան Օսիպյանն ասել է. «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերներին, միգուցե իմ դիրքորոշումը այլ լիներ, բայց ես կորցրել եմ ընկերներ: Կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը», հայտնում է «Հայկական ժամանակը»:

Դատավորի ճշտող հարցին, թե կարո՞ղ է դատարանն արձանագրել, որ Օսպիյանն առարակում է համաներման կիրառմանը, Օսիպյանը դրական պատասխան է տվել: Ոստիկանապետը հավելել է. «Դատաքննությունը պետք է շարունակվի»:

Օսիպյանի այս խոսքերը զայրույթ են առաջացրել դահլիճում ներկա գտնվողների մոտ. «Ամոթ, սա է՞ ձեր հեղափոխությունը»,- բղավել են նրանք:

Օսիպյանի հարցաքննությունն ավարտվել է: Նա չի պատասխանել լրագրողների հարցերին և հեռացել է դատարանից:

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։