16 հուլիսի 2008 - 15:32 AMT
Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում ընթացող այցի շրջանակներում հուլիսի 15-ին հանդիպել է ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում առաջացած խոչընդտների հաղթահարմանն ուղղված քայլերը: Նախարար Նալբանդյանը ներկայացնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող քայլերը, նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումները դա Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է եւ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակել եւ խորացնել այդ գործընթացը ոչ միայն եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների պատճառով կամ բարեկամ երկրների հորդորներով, այլ որովհետեւ դա, առաջին հերթին, բխում է մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերից: Ընգծելով, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկված, Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ Հայաստանի իշխանությունների գիտակցում են, որ դեռեւս բավական անելիքներ կան եւ նրանք հաստատակամ են առաջ գնալու այդ ճանապարհով:

Դ.Կրամերը կիսելով նախարար Նալբանդյանի կարծիքը, ասաց, որ Միացյալ Նահանագները որպես Հայաստանի բարեկամ երկիր ցանկանում են, որ Հայաստանը շուտափույթ կերպով հաղթահարի առաջացած դժվարությունները եւ հենվելով առավել ամուր հիմքերի վրա շարունակի իր ժողովրդավարական զագացումը: Պարոն Կրամերը ավելացրեց, որ այդ նպատակով Ամերիկայի Միացյան Նահանագները պատրաստ են համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին: