2019-ին Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի

2019-ին Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի

PanARMENIAN.Net - 2019-ին Երևանի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում 175 թեքահարթակ կկառուցվի: Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Առաջարկվել է գործընթացին մասնակից դարձնել նաև շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի թեքահարթակները կառուցվեն չափորոշիչներին համապատասխան: Ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական և իրագործելի:

Հանձնարարվել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ծրագրերի ընթացքին ու դրանց լիարժեքորեն իրականացմանը: Տարեկան ծրագիրն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ. աշխատանքներ կտարվեն հավասար և մատչելի պայմանների ապահովման, կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրերի իրականացման, զբաղվածության խթանման, հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ի հետ համատեղ սոցիալական ծրագրերի իրականացման և մի շարք այլ ուղղություններով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---