16 հուլիսի 2008 - 15:52 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միշտ կլինեն վիճահարույց հարցեր
«Նույնիսկ եթե Արեւմուտքի ճնշման տակ Թուրքիան գնա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, միեւնույն է վիճահարույց հարցերը չեն անհետանա»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմի եւ Հայաստանի տարածքային պահանջները դեռեւս տեւական ժամանակ կլինեն հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը:

Հայ-թուրքական սահմանը Թուրքիան փակել է 1993թ. ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության հարցում: Հայաստանն իր հերթին առաջարկում է կարգավորել երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների: Սակայն պաշտոնական Անկարան պահանջում է ճանաչել ներկայիս Թուրքական հանրապետության սահմաններն ըստ 1921թ. Մոսկվայի պայմանագրի, ինչպես նաեւ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: