16 հուլիսի 2008 - 17:13 AMT
Եթե Վրաստանն ամեն դեպքում անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա տարածաշրջանում տեղի կունենա աշխարհաքաղաքական բաժանում
«Եթե Վրաստանն ամեն դեպքում անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա տարածաշրջանում տեղի կունենա աշխարհաքաղաքական բաժանում: Կբաժանվի Վրաստանը եւ այդ բաժանումը իր ետեւից կտանի ողջ տարածաշրջանը: Որքանով հայտնի է, Աբխազիան եւ Հարավային Օսիան մտադիր չեն անդմակցել ՆԱՏՕ-ին, Միխայիլ Սահակաշվիլին չի պատրաստվում հարցնել նրանց համաձայնությունը»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության հնարավոր ճանաչմանը, ապա, փորձագետի կարծիքով, այդ մասին վաղ է խոսել: «Ասված ամեն ինչ վերաբերվում է նաեւ մյուս ինքնահռչակ պետություններին` Մերձդնեստրին եւ Լեռնային Ղարաբաղին: Ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Հայաստանը, իսկ հետո արդեն մյուս երկրները: Ճիշտ է, այստեղ պետք է հաշվի առնել միջազգային հանրության եւ Ադրբեջանի հնարավոր վերաբերմունքը դրան»,- ընդգծել է Ալեքսանդրովը:

Նա նաեւ չի բացառում Վրաստանի նախագահի փորձը ռազմական ավանտյուրայի գնալ, միեւնույն ժամանակ համեմատելով ներկա Վրաստանը 1939 թվականի Գերմանիայի հետ: «Այն ժամանակ եւս չէին հավատում, որ Հիտլերը կհարձակվի Խորհրդային Միության վրա, սակայն դա տեղի ունեցավ եւ ինչով ավարտվեց, բոլորին լավ հայտնի է: Փաստորեն, Հարավային Օսիայում արդեն դիվերսիոն-ահաբեկչական պատերազմ է գնում ռուս խաղաղապահների դեմ, եւ ինչի դա կվերածվի դեռ պարզ չէ»,- ասել է Միխայիլ Ալեքսանդրովը: