17 հուլիսի 2008 - 18:45 AMT
EAFJD. Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի բարոյական, իրավական եւ քաղաքական պարտքն է
Հայաստանի պահանջը Թուրքիայից սահմանների անհապաղ բացման մասին միջազգային իրավունքի մաս է կազմում եւ պետք է դառնա գերակայություն տարածաշրջանի երկրների եւ ողջ միջազգային հանրության համար: Ինչպես հաղորդում է Եվրոպայի Հայկական դաշնությունը (EAFJD), Եվրամիությունը պետք է մեծացնի իր ազդեցությունը Թուրքիայի վրա, որը հանդիսանում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, որպեսզի վերջինս խաղաղ կերպով կարգավորի իր վեճերը հարեւանների հետ միջազգային օրենքներին եւ շրջանակային համաձայնագրերին համապատասխան:

«Գիտնականների հանրությունը խոսում է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Ցեղասպանությամբ զբաղվող գիտնականների միջազգային ասոցիացիան վաղուց ի վեր բաց նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետին Հայոց ցեղասպանության հետազոտության հարցով հանձնաժողովի ստեղծման աննպատակահարմարության մասին: Թուրքիան խուսափում է նման հանձնաժողովներից, որովհետեւ պատմաբանները ճիշտ են որակում Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը:

Դաշնությունը ցավում է, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը հարաբերությունների բարելավման ուղղությամբ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման, այն ցեղասպանության, որի մեղավորը ինքն է: «Ցեղասպանության ճանաչումն ու հետեւանքների փոխհատուցումը Թուրքիայի բարոյական, իրավական եւ քաղաքական պարտքն է եւ որեւէ պետություն չի կարող խուսափել պատասխանատվությունից կատարածի համար: Այդ տեսանկյունից, միակ ելքը կլինի այն, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, դադարի ապրել անցյալով եւ միանա միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ»,- ընդգծեկ է Չոբոյանը:

Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Աբդուլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպմանը Երեւանում կախված կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացումից հանդիպումից առաջ:Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Հայաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հայ-թուրքական հանձնաժողով ստեղծել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար: «Սակայն այդ ամենը հնարավոր է միայն սահմանների բացումից հետո»,- ասել է Սարգսյանը:

Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով եւ 1993 թվականին փակել է հայ-թուրքական սահմանը: Հայաստանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանություն, ինչին Թուրքիան պատասխանում է, որ այն ժամանակ զոհվել են ինչպես քրիստոնյաներ, այնպես էլ մահմեդականներ: