19 հուլիսի 2008 - 15:29 AMT
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը մասնակցել է Կոսովոյում գործող միջազգային կազմակերպությունների համագործակցությանը նվիրված հանդիպմանը
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հուլիսի 18-ին Բելգիայի ԱԳՆ-ում մասնակցել է Կոսովոյում գործող միջազգային կազմակերպությունների համագործակցությանը նվիրված հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպումը նախաձեռնվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից եւ առաջին նմանատիպ հավաքն էր: Մասնակցում էին ԵՄ եւ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ, ինչպես նաեւ EULEX-ին (Կոսովոյում ԵՄ իրավական առաքելություն) եւ KFOR-ին ներդրում կատարող երկրները (Հայաստան, Խորվաթիա, Մարոկո, Շվեյցարիա, Ուկրաինա): Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԵՄ Գլխավոր քարտուղար Խ. Սոլանան, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յ. դե Հուպ Սխեֆֆերը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մ. Պ. դե Բրիշամբոն, Կոսովոյում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Լ. Զանիերը, առանձին երկրների ներկայացուցիչներ:

Ելույթների hիմնական ուղղվածությունն այն էր, որ Կոսովոյում ներգրավված միջազգային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգված համակարգման կարիք ունի, եւ նման հանդիպումները խիստ կարեւոր են ընդհանուր նպատակի արդյունավետ իրականացման համար: Հանդիպմանը կարեւորվեց նաեւ KFOR-ին ու EULEX-ին ՆԱՏՕ-ի եւ ԵՄ ոչ անդամ երկրների մասնակցությունը: